Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լուրեր

Լուրեր
13.06.2008 | 00:00

«Շչեդրինյան օրեր», աստղային հրավառություն

Տասներկու համերգ է ներկայացնում հայ հանդիսատեսին հռչակավոր ամուսնական զույգը՝ բալետի պրիմադոննա Մայա Պլիսեցկայան և հանրաճանաչ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ Հանդիսավոր բեմելը հունիսի 11-ին էր, հրաժեշտի ներկայացումը կլինի հունիսի 14-ին։ «Շչեդրինյան օրեր» բազմախոսուն համերգային ծրագիրն անցկացվում է «21-ի հեռանկարները» երաժշտական փառատոնի շրջանակներում։

Մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ Շչեդրինը հայաստանյան շրջագայությունը հիմնավորեց Արամ Խաչատրյանի մրցանակակիր հանդիսանալու հանգամանքով և Առնո Բաբաջանյանի հետ վաղեմի բարեկամությամբ։ ՈՒշագրավ էր մեծանուն պարուհու մեկնաբանությունը, համաձայն որի՝ «Ռուսաստանում պարբերաբար շփվելով հայ արվեստագետների հետ, հարազատ ես համարում նրանց հայրենիքը»։

Մնում է ավելացնել, որ այս բացառիկ համերգները տեղի են ունենում «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Ինչպես և սպասվում էր, բարձրարվեստ կատարումներն արժանացան հանդիսասրահի բարձր գնահատականին և ջերմ վերաբերմունքին։

Վ. Ա.

Պետք է շատ ուզենան, որ կտրվեն

Հունիսի 11-ին ավելի քան 10 հազար դիմորդ-շրջանավարտներ միասնական քննություն հանձնեցին «մաթեմատիկա» առարկայից։ Այս քննության համար տրվել էր 4 ժամ, դիմորդներին թույլատրվել էր օգտվել միայն պարզագույն հաշվիչներից։

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այցելել է թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ միասնական քննություն էր հանձնում 175 դիմորդ-շրջանավարտ։ Հումանիտար կրթություն ունեցող նախարարի կարծիքով՝ առաջադրանքները դժվար չէին, և «պետք է շատ ջանք գործադրեն, որ դրական շեմը չհաղթահարեն»։

Ի դեպ, թիվ 160 դպրոցը հատուկ էր ընտրված, քանի որ հունիսի 2-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ այստեղ քննական թեստերը 25-ով պակաս էին։ Նշենք, որ ծառայողական քննության արդյունքում անձնակազմի մեծ մասն ու ղեկավարը փոխվել են, իսկ խնդրի հիմնական պատճառը գնահատման և թեստավորման կենտրոնից թեստերի ոչ համապատասխան քանակ պահանջելն էր։ Այս քննական կենտրոնում իրենց գնահատականներից դժգոհ բոլոր շրջանավարտներին նախարարը խոստացել է քննությունը վերահանձնելու հնարավորություն տալ, սակայն դիմորդները պետք է նկատի ունենան, որ հաշվի է առնվելու միայն վերջին գնահատականը։

Լ. Գ.

Աշխատակից-քաղաքացի շփման նվազեցման հերթական քայլը

Այսուհետ իրավաբանական անձինք իրենց գույքի պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերը կարող են կադաստրի և անշարժ գույքի ստորաբաժանում ոչ թե անձամբ ներկայացնել, այլ ուղարկել «Հայփոստի» միջոցով։ Այս նորարարությունն ուժի մեջ է մտել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի հրահանգով։ Ըստ այդմ, փոփոխություն է կատարվել «Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կարգը հաստատելու մասին» հրահանգում։ Նշված կոմիտեի անշարժ գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանը պարզաբանեց. «Կատարված փոփոխության համաձայն սահմանվել է, որ իրավաբանական անձինք փոստային օպերատորի միջոցով «Հայփոստի» ցանկացած տարածքային ստորաբաժանումից պետական գրանցման իրենց փաստաթղթերը կարող են ուղարկել կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում։ Սահմանվել է նաև, որ նշված կարգով իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են նույն կերպ «Հայփոստի» միջոցով ստանալ իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ միասնական տեղեկատվության և այն դեպքերի, երբ հայտատուն ակնկալում է պատասխանը ստանալ ինտերնետային կապի միջոցով»։ Ինչ խոսք, այս նոր մոտեցումը բավականաչափ կթեթևացնի հայտատուների գործը։ Սակայն այս որոշման հիմքում, ինչպես նշեց Հակոբ Մարտիրոսյանը, ոչ միայն հայտատուների հոգսերի նվազումն է, այլև կոմիտեի աշխատակցի և հայտատուների միջև շփումը հնարավորինս նվազեցնելու միտումը։ Նկատենք, որ աշխատակից¬քաղաքացի շփումը նվազագույնի հասցնելու առաջին քայլը կատարվել է դեռևս հինգ տարի առաջ՝ ներդնելով բոլոր ստորաբաժանումներում մեկ պատուհանի գաղափարը։ Ինչպես փաստում են ոլորտի պատասխանատուները, մեկ պատուհանի կիրառման դրական տեղաշարժը նկատելի է, ինչը չեն ժխտում նաև քաղաքացիները, որոնց հետ մենք զրուցեցինք տարբեր ստորաբաժանումներում։ Մնում է փաստել, որ գործընթացն իր դրական հունի մեջ է։

Ժ. ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6097

Մեկնաբանություններ